Հախուռն մտքի գեներացումը «ստուկ» է տալու
05.06.2020 | 00:55
Անկախության հռչակումից ցայսօր ժողովուրդը զգացել է հանրապետության 4 նախագահների (միջին հաշվով` 7 տարին մեկ) և 14 վարչապետների (720 օրը լրանալու պես) «համն ու հոտը»։ ՈՒ շարունակվում է «վայելքը» նոր իրավիճակներում։ Կարծում եմ, անուշադրության մատնված այս փաստը տնտեսական և քաղաքական դաշտում մասնագիտական խոր վերլուծությունների և հետևությունների տեղիք է տալիս` նաև հասկանալու, թե ում օրոք և ինչ հաճախականությամբ են իշխանության ներսում տեղի ունեցել կադրային փոփոխություններ, որո՞նք են դրդապատճառները, և ի՞նչ են տվել կարճ կամ երկար տեղափոխությունները։ Որքանո՞վ են նպաստել պետությանը և որչա՞փ քաղաքական այն թիմին, որի շնորհիվ դիրքավորվել են։ Չի բացառվում նաև 3-րդ տարբերակը` ապահովել են «մի փոքր» իրենց, մի քիչ էլ ծառայել ժողովրդին։
Պետության համար և հանրության անունից խոսել, խոստումներ և հրաշալի ծրագրեր են մատուցել բոլորը` անխտիր 4 և 14 ընտրյալները, սրանց տիրույթի անբաժանելի մասն են կառավարության ղեկի մոտ կանգնածների թե՛ խրախուսումը, թե՛ պատժումը։ Եվ ո՞վ է ամենաանհագ նախաձեռնողը` Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը։ Պարզվում է` կադրային ջարդի (բայց ոչ վենդետա) և շռայլությունների ռեկորդակիրը հեղափոխական Նիկոլ Փաշինյանն է, ամենաշրջագայողը` հեղափոխականագետ Արմեն Սարգսյան նախագահը։
Արտառոց ոչինչ չկա։ Եթե հեղափոխություն, ուրեմն թավշյա` վերից վար, տակից թե գլխից, աջից թե ձախից, տարբերություն չկա։ Կարևորը կազմաքանդելն է` հիմնավոր, հիմնահատակ, ծեփել ու փռել, թաթիկակտրել ու գլխատել. «Հերթը կգա վնգստացող դատավորներին, կորոնավիրուսային Սահմանադրական դատարանին... Բայց որ Սերժի մնացորդների վերջը տալու ենք, չկասկածեք։ Տարբերակ չկա։ Ժողովուրդ ջան, լավ մնացեք, բոլորիդ սիրում եմ»։
Սերն ու սպառնալիքն իրար խառնած վարչապետը շարունակում է հակասությունների ճիրաններից պլստալ և հաստատակամության նշաններ ցույց տալ, նույնպես նիկոլավարի ղեկավարել երկիրը` չկարևորելով օրեցօր փոփոխվող իրավիճակը, կղզիացումը, որտեղ ինքն արդեն երևում է սխալ, իսկ նոր եկողը` ճիշտ։
Իշխանական կաթսայի մի երկու ընկալունակներ հասկացել են` ժողովուրդը երկու տարվա առաջվանը չէ, բայց ամենագլխավոր մեսիջը չեն համարձակվում փոխանցել։ Իսկ դա այն է, որ երկրի ղեկավարն ամենից առաջ ինքն իր հետ հասկանալ-ճշմարտախոսելու խնդիր ունի։ ՈՒ քանի դեռ չկա դրա ինքնագիտակցումը, նրա մոտ գլուխ բարձրացրած պոպուլիզմը պարբերաբար հրաբխելու է։ Վարչապետի քանքարաշատ մտքերը մերթ խռովահույզ են` «հանրության տարբեր շերտերում հիասթափության մեծ ալիք կա», մերթ էլ` խրոխտ ու ախտաբանական. «Ով, որ բավարար ազնվություն չունի, ով, որ առաքելության բավարար զգացողություն չունի, ով, որ բավարար հպարտություն չունի, ով, որ բավարար քաղաքացիություն չունի, ով, որ բավարար հայրենիք չունի, էդ մարդիկ ձեր առաջ կանգնելու իրավունք չպետք ա ունենան»։
Իսկ ո՞րն է այս ամենի «կամերտոնը»։ Չկա։ Չի կարող լինել։ Ոչ առայժմ և ոչ էլ վաղը։ Հետևապես, ինչպես շատ այլ դեպքերում, այնպես էլ հիմա, վարչապետի հերթական քայլականահաճո փիլիսոփայությունն ընդամենը փուչիկ է։ Եվ որքան էլ ՔՊ-ականները հրճվանքով հրապարակ նետեցին հանդուրժողականության մասին անհանդուրժողականության ակնարկներով ներծծված, ժողովրդի սիրով տոչորված Փաշինյանի միտքն այն մասին, թե «մենք ունեինք, չէ՞, հնարավորություն... տնից հանել, փողոցներում սատկացնել, հոխորտացող թափթփուկներին «սամասուդի» ենթարկել, չարեցինք։ Էսօր էլ ոչինչ չի խանգարում։ Բայց որ պետք ըլի...», միևնույն է` լեզվին զոռ տալուց առաջ հարկավոր է ընկալել տարիներով թրծված ճշմարտությունը. «Պատմության անիվը երբեմն հետ է պտտվում զուտ նրա համար, որ մեծ արագություն ձեռք բերի»։ Չբերենք օրինակներ։ Դրանք բազմաթիվ են։ Պատճառները` գրեթե նույնը։ Հիմքում ստեղծված և անհանգստացնող իրավիճակն է։ Մենք նրա շեմին ենք. բևեռված ներքաղաքական հարաբերություններ, տարաձայնությունների առճակատում, ատելության փքվածություն, վստահության նվազում և կասկածամտության աճ նաև իշխանական թևում, ազգային հայեցակարգի բացակայություն, տնտեսական ճգնաժամ, գործադիր, օրենսդիր և դատական մարմիններում շիլաշփոթ։ Նույն ձեռագիրն է նաև արտաքին քաղաքականության հարցերում` չհասկացվող հայտարարություններ և իրարամերժումների շքերթ։ Առավոտյան մտածում, ասվում է մի բան, ու խե՜ղճ դիվանագիտական կորպուս` էշը ցեխից ո՞նց հանես, թեև ինքդ էլ առանձնապես չես փայլում ասենք ղարաբաղյան խնդրով։ Բայց դուխը տեղը, անհարկի դոշածեծումով իր կերպարային մի պատառիկ է նետում հանրությանը. «Ես իմ կենսագրության մեջ երբեք չեմ վախեցել ո՛չ զոհվելուց, ո՛չ հետապնդվելուց։ (Իսկ դու ինչ ես տեսել-զգացել` ծառայե՞լ ես բանակում, որտե՞ղ էիր քառօրյային, երկրաշարժի արհավիրքները մաշկիդ վրա զգացե՞լ ես, դագաղների կույտեր, փլատակներից հանվող խեղված և անկենդան մարմիններ տեսած կա՞ս...- Վ. Մ.)։ Ես մենակ մի բանից եմ վախեցել. ժողովրդին հիասթափեցնելուց։ ՈՒրիշ որևէ բան չկա, որից ես վախենամ։ Դա իմ միակ վախն ա»։ Եթե խոստովանությունն ազնիվ է, հարգում եմ։ Բայց...
Նիկոլ ջան, գրչակից ախպեր, ես, որ քիչ չեմ քայլել ու մեկուկես շապիկ քեզնից ավելի եմ մաշել, Խորհրդային Միության փլուզումից հետո ոչ մի կուսակցության չեմ հարել, անկուսակցական եմ։ Սկզբունքայնության և արդարամտության ձեռից կորուստներ ու ճնշումներ եմ ճաշակել, մասամբ` հաղթահարել առողջությանս հաշվին։ Բայց ինքս ինձ չեմ դավաճանել, ինքնաստությամբ չեմ տարվել և իմ գիտակցական կյանքում հավատացել 2-րդ անգամ` 2018-ի ապրիլին։ Իսկ այսօր ծանր եմ տանում իմ և իմ ստվար շրջապատի հիասթափությունը, ցավով պատկերացնում քաղաքական մեծամասնության փլուզումն ու մեր երկրին սպասող անցանկալի իրողությունները։ Դարձի՛ արի։ Վերադարձիր ժողովրդի սպասելիքներին, մեծ հավատին։ Թե չէ քցել-բռնել ու հատ-հատ սերժաքոչարյանականներին ես հաշվել, համեմատել յուրայիններիդ թվաքանակի ու որակի հետ, գրանցել սար ու ձորի հարաբերություն ու դիվահարվելով վճռել` քանդել վրեժխնդրության կծիկը. «Սերժի մնացորդների վերջը տալու ենք»։ Հասկանալի է։ Նաև` նախորդների։ Հետո՞։
Երկիրը շահե՞ց, թե՞ կորցրեց։ Ի՞նչ տվեցինք և ի՞նչ ստացանք։ Մեր առջև ծառացած մարտահրավերները դեռ առջևում են, ընթացքում են Covid-19-ի դեմ պայքարի որոնումները... Տնտեսական և քաղաքական ճգնաժամը մի կողմ դրած, ինչի՞ հետևից են ընկել իմքայլական իշխանիկները։ Ձեռնարկումները, այդ թվում ընտրողական թիրախավորումները, օդից բուսած դատական վարույթները, դատավորների նկատմամբ ճնշումները (ոչ միայն նրանց), արամհարությունյաններին կաշառելը և հանցագործ պիտակավորելն ու ինքնամեկուսացում ապահովելը ոչ միայն անջրպետ են հանդիսացել հանրության, հպարտ քաղաքացու և կառավարող օղակների միջև, այլև երկիրն են գցել տեղապտույտի մեջ։
«Ոնց սկսել եք սերժերի հետ, ըտենց էլ ավարտելու եք». վարչապետի հերթական քինախնդիր ձևակերպումը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական վախի ինքնաչափում։ Ընդունենք` սխալ եմ շատերի նման։ Իսկ ո՞նց են պատկերացնում քչերը։ Ինչպե՞ս են վերջը տալու։ Բանտե՞րն են լցնելու, սնանկացնելու՞ են` ում ուզեն, ինչպես կամենան արտաքսելու՞ են։ Մի բան պարզ է` չեն հետևում վիճակագրությանը. մինչ իրենց «մտրակումները», հոժարակամ արտագաղթել են ոչ քչերը` որպես հետևանք թողնելով ենթադրվող ներդրումների բարակ թելի պրկումը։
Հեղափոխական վարչապետն արդյո՞ք արդյունավետ ուղեգծում է հանրապետության 2-րդ և 3-րդ նախագահների «մնացուկների» հարցում, և ովքե՞ր են նրանք։ Այն պետական այրերը, որ հիմա էլ կան կառավարությունու՞մ, թե՞ «թոշակի» անցած պաշտոնյաները։ Չընկնենք թվերի և թվաբանության հետևից, լինենք կարճ ու կոնկրետ։ Ակնհայտ է` այսօրվա կառավարության ողնաշար պահողները, ուզենք թե չուզենք, «հին» տարիներից եկող «հին» մարդիկ են, որոնց շուքի տակ կրթվում, հղկվում և աչքաբացվում են մի խումբ քայլականներ։ Նրանցում, անշուշտ, կան հատուկենտ կիրթ, խոստումնալից երիտասարդներ և լիքը 5-6-տողանոց կենսագրություն ունեցողներ, որոնցից հանրության շալակը դեռ չի ուղղվել։
Ի՞նչ կլինի, եթե վաղը կառավարությունում չլինեն Աշոտ Ջանջուղազյանը, Մհեր Գրիգորյանը, Գևորգ Խաչատրյանը, Դավիթ Տոնոյանը, Զոհրաբ Մնացականյանը, Արթուր Ջավադյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Արթուր Դավթյանը և այլք։ Բացառված չէ։ Անկանխատեսելի որոշումների ականատեսն ենք արդեն երկու տարի։ Չենք զարմացել աշխատանքից ազատման և նշանակման հրամանները լսելով փողոցներից, հրապարակներից։ Գոհանանք, որ կադրային փոփոխությունների կուլտուրան, ի վերջո, մուտք գործեց։ Հիմքը մեկընդմիշտ և վերջնականապես ԱԺ-ում տապանաքարի տեսքով փորձեց դնել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը։ Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ նա կոնկրետ առաջարկություն արեց. «Կառավարությունում գերակշռող մեծամասնությունը նախորդ իշխանություններից են, անհրաժեշտ է բոլորին ազատել, որովհետև մեր հասցեին արվող քննադատություններն ու դժգոհություններն իրենցով է պայմանավորված»։
Տեմպի տակ չընկած Փաշինյանն առաջին անգամ դիվանագիտություն խաղաց. «Մեր նպատակը հներին նորերով փոխարինելը չէ, եթե նրանք պրոֆեսիոնալ են։ Մենք հնարավորություն ենք տվել, որպեսզի մարդը, պաշտոնյան իր ներսում փոխվի, վերափոխվի»։ Կավելացնեի` իմքայլակա՞ն դառնա։ Բա որ չդառնա՞։ Դա էլ ենք տեսել և գիտենք նաև վարչապետի գրպանում պահված պատասխան-պատճառաբանությունը. «Պարզվում ա, որ էսօր կան մարդիկ, որոնց, այո՛, հեղափոխությունից հետո շատ-շատ հանգամանքներով մենք բերել ենք պաշտոններ ենք տվել, վստահություն ենք տվել։ (Վստահությունը կոմունալ վճարը չէ, որ օգնության տեսքով տաս` տեղին-անտեղի, հետո կնոջդ հետ գտնես լավագույն բանաձև հետ ուզելու. պետության կողմից փոխանցված X գումարը, որ դուք ստացել եք, բայց ի սկզբանե չպետք է ստանայիք, նույն գումարի չափով փոխանցում կատարեք կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին կամ ավելի ճիշտ է տվեք անվճարունակ ձեր հարևաններին, ծանոթ-բարեկամներին- Վ. Մ.)։ Պարզվում ա, դրանց էլ ա դուր եկել օտար կոշիկների համը։ Եվ երկրի բարձրագույն պաշտոնյաները, ով գտնվում են վարչապետի ուղիղ հրամանատարության ներքո, վարչապետի թիկունքում` ստեղ-ընդեղ կոշիկներ են լիզել օտարերկրացիների ու դրա համար ա, որ վզակոթներին տալով, տվել եմ-հանել եմ գործից ու ճիշտ եմ արել»։ Ժողովրդավար երկրում ժողովրդի կողմից ընտրվածը, որքան էլ առիթ ունենա, չպետք է դուրս գա էթիկայի շրջանակներից, պոռոտախոսի, նման բառապաշարով կիսվի հանրության հետ` անհասցե, ընդհանրական։ Նման արտահայտչաձևը առանց նշանառության կրակել է հիշեցնում։ Այս դեպքում չեն սխալվում նրանք, ովքեր Փաշինյանի խոսքը վերագրում են բոլորին։ Բայց մենք գիտենք, որ իրականում այդպես չէ։ ՈՒ գիտենք նաև, որ աշխատանքային ոլորտում անհամաձայնություններ ունենալու և քայլականների քաղաքական գծին չզուգահեռվելու պատճառով նկատելի պաշտոնյաներ ինքնակամ են հեռացել, ազատվել իրենց դիմումի համաձայն կամ, որ չի բացառվում, կանչվել են «մարտագորգ» ու լսել` սիրահոժար դիմում գրիր, թե չէ «կացինս հրեն սրած, գնամ բերեմ, ծառդ կտրեմ»։
Աղմկոտ հրաժարականների սկիզբը դրեց թավշյա շրջագայությունների ընթացքում հեղափոխության առաջնորդին կրնկակոխ ուղեկցող Վալերի Օսիպյանը։ Հաստատ վստահություն էր ներշնչել, որ նա նշանակվեց ոստիկանապետ, այնուհետև վարչապետի խորհրդական։ Մնացածը մնաց կուլիսների հետևում։ Միայն իմացեք, որ նոր նշանակման պահից Օսիպյանն աշխատանքի չի գնացել... ու պաշտոնաթող է եղել։ Երկրի ղեկավարի «պարզ և թափանցիկ» աշխատաոճը հասավ Արտակ Զեյնալյանին, Արթուր Վանեցյանին, Վլադիմիր Կարապետյանին, Գևորգ Աճեմյանին և այլոց։ ՈՒ դարձյալ` ոչ ձայն, ոչ ծպտուն, չհաշված կցկտուր նախադասությունները։ Խոսելու և գործելու ժամանակը դեռ չի հասունացել, խմորման փուլում է։ Ասացի` սպասողական դադար, հիշեցնելով խոսքի արժեքը. «Ասված մի բառով երբեմն մարդ հանճար է, երբեմն` հիմար»։
Փիլիսոփայության այս շարքից իր անձի վրա ուշադրություն հրավիրեց ավիացիայի գծով վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը։ Նա, մինչ պաշտոնաթող լինելը, համակարգում տիրող մտահոգիչ իրավիճակի և դրանից դուրս գալու իր տեսակետների մասին զեկուցելուց բացի, գրավոր խոսքն ավարտել է այսպես. «Բարեփոխումները չկատարելու դեպքում հարգեք աշխատանքից ազատման իմ դիմումը»։
Ահազանգը չկարևորվեց։ Անձնականը հանրային շահից գերադասող Փաշինյանի համար իր սիրելի կադրի` ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի կրթությունը, փորձն ու մասնագիտական կարողություններն ավելին էին, քան պրոֆեսիոնալներ, 12.08.2019 թ. իրենց դիմումի համաձայն պաշտոնաթող եղած Վահրամ Սայադյանի, Հակոբ Ճաղարյանի ու նրանց նման նվիրյալների դերակատարությունը միասին վերցրած։
Ասում են, փորձառու օդաչու Հ. Ճաղարյանի ազնիվ պահվածքն ու համարձակությունը (հանդես է եկել տարբեր լրատվամիջոցներով) էժան չեն նստի. ուժային կառույցների փնտրտուքներն սկսված են։
Լռեցնել, թիրախավորել, հետապնդել, ծեփել ու «սամասուդի» ենթարկել կարող ես` մեկին, երկուսին, տասին..., 1-ին անգամ, երկու անգամ, տասն անգամ, բայց` ո՛չ ժողովրդին։ Կարող ես սարկաստիկ տոնով ամեն ինչ ասել, բայց... «ատելության խոսքը մեզ պետք չի, պետք չի, որ դուք էդ մարդկանց տեսնելիս կանգնեցնեք, հայհոյեք, ամոթանք տաք... Մեղմ ժպտացեք և անցեք։ Թող իրենք մնան, տապակվեն իրենց յուղի մեջ»։ Օհո՜, Էս ինչքա՜ն ես փոխվել, վերափոխվել։ Նանսենյան ինչպիսի՜ մոտեցում։ Հավատա՞նք։ Իհարկե` ոչ։
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ
Հեղինակի նյութեր
- «Կամավոր պարտադիր» հիմունքներով դոնորը
- Նա չստեց. երկիրը, իրոք, վերածեց արյան ծովի (բայց ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարի խրամատներում)
- Ինքնախաբեության դրսևորումներ
- Դիվանագիտական ստախոսություն
- Դեբիտորական պարտքի հավաքագրումը դատական կարգո՞վ, թե՞ բաժնեմասային սեփականատերերի արդարացումը դատարանով
- Կարմիր կովը կաշին չի փոխում
- Փաշին յան տալը փաշինյանական հոգեկերտվածքո՞վ, թե՞ թավիշով
- Տիգրան ՈՒրիխանյանն ու՜ր, վարչապետն ու Էդմոն Մարուքյանը ուր
- Կայծից բոց կբռնկվի, իսկ էլցանցում՝ թքած ունեն
- Համակրանքից՝ հակակրանք, հակակրանքից՝ հակազդեցություն
- Որտեղ է թաղված շան գլուխը
- Տիկին Շուշանիկն ու միջազգային մակարդակի անհամապատասխանությունը
- Հետողորմյա մայր թատրոնում
- Ո՞վ է անվստահություն հայտնողը, ժողովու՞րդը, թե՞ իմքայլական իշխանությունը
- Ե՛վ կույր եք, և՛ խուլ, և՛ համր
- Բնամթերքի փոխարինիչը` բառամթերք
- Արթուր Վանեցյան. «Թող իմ հրաժարականը լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլը»
- Անկումը միշտ էլ անսպասելի է վրա հասնում, շատ էլ ցավոտ է լինում
- Թոշակառուն տեղին հիշեց անդաստիարակի մորը
- Այսօր` տեղապտույտ, իսկ վաղը` խոսքապտույտ
Մեկնաբանություններ